• Գլխավոր
  • ՀԱԿԻՐՃ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

    Կարևորելով մեր երկրի հարաբերությունները և զարgացման հեռանկարները Գերմանիայի հետ, հատկապես կրթության, մշակույթի ոլորտներում, Էդուարդ Սարոյանը և մի քանի համախոհներ 1993 թվականին հիմնադրեցին Հայ-գերմանական ընկերությունը: Այս ընկերությունն իրականացրել և իրականացնում է բազմաթիվ կրթական և մշակութային ծրագրեր ու միջոցառումներ:

    Նրանց լավագույն նախաձեռնություններից է մի նախագիծ, որի նպատակն է` գերմանական կրթական համակարգը ներկայացնել Հայաստանում, այդպիսով նպաստելով հայրենի կրթական համակարգի բարելավմանը: Եվ 2005 թվականին Հայաստանում հիմնադրվեց Հայաստանում Գերմանական համալսարանը, որի հիմնադիրներն են ինչպես հայ, այնպես էլ գերմանացի մի խումբ համախոհ գիտնականներ ու նախաձեռնության ջատագովներ: 2005 թվականից մինչև 2009 թվականը ընկած ժամանակահատվածում համալսարանը գտնվում էր իր օրգանական զարգացման փուլում, որի ընթացքում մշակվում և քննարկվում էին հայեցակարգային խնդիրներ, ինչպես նաև կազմակերպվում էին մի շարք ուղղություններով սեմինարներ և վերապատրաստման դասընթացներ: 2009 թվականի մայիս ամսին այն ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից ստացավ ՙՔաղաքագիտություն՚ մասնագիտությամբ մագիստրոսական ծրագիր իրականացնելու լիցենզիա, սակայն առայսօր մագիստրոսական ծրագրեր չեն առաջարկվում` լիցենզիայի ժամանակավոր կասեցման պատճառով:

    Համալսարանը, որպես կրթական գործունեության կարևոր բաղկացուցիչ, դրան զուգահեռ ծավալուն կերպով իրականացնում է գիտահեզտազոտական ծրագրեր ինչպես հայ և գերմանացի, այնպես էլ այլ երկրների գիտնականների մասնակցությամբ: Այն իր գիտահետազոտական և կրթական գործունեության մեջ կարևորում է գիտության ազատությունը, ակնկալելով դասախոսների կողմից առավել ստեղծագործական ու ժամանակի զարգացումներին համահունչ թարմ մոտեցումներ: Հետազոտական աշխատանքներն իրականացնում են համալսարանին կից գործող ինստիտուտները: Տարեկան երկու անգամ համալսարանը հրատարակում է գիտական հոդվածների ժողովածու "Իրականության կառուցվածքները" խորագրով (հեռանկարում նախատեսվում է դրանք հրատարակել նաև հայերենով):

    Հայաստանում գերմանական համալսարանը արդեն իսկ համագործակցական պայմանագրեր է կնքել Գերմանիայի Քեհլի եվրոպական հանրային կառավարման բարձրագույն մասնագիտական դպրոցի և Մյունխենի կիրառական գիտությունների համալսարանի հետ, ըստ որոնց նախատեսվում է մեզ մոտ ներկայացնել համապատասխանաբար` "Եվրոպական հանրային կառավարում" ու "Տուրիզմի և հյուրանոցային կառավարում" ուսումնական ծրագրերը: Հետագայում այլ գերմանական բուհերի հետ համագործակցությամբնախատեսվում է ներակայացնել նաև հետևյալ ուսումնական դասըթնացները` "Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարում" և "Բիզնես նորարական կառավարում": Սրանք հետագայում կարող են դառնալ մագիստրոսական ծրագրեր:

    Հայաստանում գերմանական համալսարանն առաջարկում է նաև իր կառուցվածքում գործող "Կոմպետենցիաների զարգացման կենտրոնի" կրթական-հետազոտական ծրագրեր` կազմակերպությունների և անհատների համար տարբեր ուղղվածություններով: 

    Գերմանացի դասախոսների մեծաքանակ մասնակցությունը ենթադրում է, որ ուսուսցումը համալսարանում իրականացվելու է նաև գերմաներեն, սակայն դռները բաց են նաև նրանց առաջ, ովքեր չեն տիրապետում գերմաներենին: